Tuesday, January 20, 2015

ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱԿՐԱՆՔ, ՍԵՐ

ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱԿՐԱՆՔ, ՍԵՐ

Սկսենք Սիրուց։ Սերը հոգեհարազատ էակի կարոտն է։ Այն, ինչին սովորաբար սեր ենք ասում, իրականում հոգեհարազատ էակի կարոտն է։

Ամեն մարդ մեկ այլ հոգեհարազատ էակի կարիքն ունի, առանց որի անիմաստ ու անպտուղ է նրա կյանքը։ Մարդ անընդհատ փափագում, տենչում ու փնտրում է նման էակի։ Հոգեհարազատ էակի տենչը կարող է այրել մարդու սիրտը, մանավանդ, երբ դեռ չկա այդպիսի էակ։ Հոգեհարազատ էակի բացակայությունը մարդուն մատնում է անտանելի տառապանքների, ու հաճախ մղում սխալների՝ անարժան մեկի մեջ տեսնել այն էակին, որին տենչում է մարդու սիրտը։

Հոգեհարազատ էակի երկարատև ու անպտուղ փնտրտուքները կարող են որոշ ժամանակով մարել մարդու տենչը, բայց մի թեթև առիթի դեպքում այն բորբոքվում ու ափերից դուրս է հորդում, անկախ տարվա եղանակից։ Հոգեհարազատ էակի կարոտը կարող է նույնիսկ խելագարության հասցնել, երբ այդ էակը կա, բայց հեռու է տարածության ու ժամանակի մեջ։ Մանավանդ, երբ անհայտ է հանդիպման պահը կամ հնարավորությունը։

Նույնիսկ, եթե երկու հոգեհարազատ էակների միջև անմիջական շփում կա, միևնույն է, կարոտն էլի առկա է։ Երկու հոգեհարազատ էակներ կարիք ունեն մեկը մյուսի մեջ մտնելու, միաձուլվելու, դառնալու մեկ ամբողջություն։ Եվ, քանի որ դա ֆիզիկապես անհնար է, ապա, նույնիսկ, երբ երկու հոգեհարազատ էակներ անմիջական շփման մեջ են, միևնույն է՝ չի մարում այդ կարոտը՝ սերը։

Բայց, սիրել ասելով, պետք է միայն հասկանալ՝ շոյել, փայփայել, և այլն։ Հոգեհարազատ էակի կարոտը որպես սեր որակելով, կարծում եմ վարկաբեկում ենք այդ վեհ զգացմունքը։ Սերը, կամ ավելի ճիշտ՝ կարոտը, հակառակ սեռի երկու էակների միջև նրանց արժեհամակարգերի վրա հիմնված խորապես գիտակցված ընտրություն է, որն երևում է միմյանց հանդեպ ուշադրության, հոգատարության ու ինքնազոհաբերության պատրաստակամության մեջ։

Համակրանքի փուլում մարդը, հավատի պես, միայն նախնական, ոչ լրիվ, ոչ ամբողջական, պատկերացում ունի հակառակ սեռի էակի էության մասին։ Երբ նախնական պատկերացումները վերաճում են ամուր գիտելիքի, համակրանքն էլ վերաճում է կամ սիրո, եթե հաստատվում են նախնական պատկերացումները, կամ՝ հակակրանքի, եթե չեն հաստատվում։

Սիրահարվածությունը
, համակրանքի պես, հակառակ սեռի էակի հանդեպ կույր հրապուրանքն է։ Հիմնականում սեռական։ Կարող է, սակայն, լինել ինտելեկտուալ, կամ երկուսը միասին։ Սիրահարվածությունն այդպես կույր վիճակում կարող է պահպանվել շատ երկար ժամանակ, նույնիսկ, մնալով անպատասխան։

Նկատենք, սակայն, որ սերն անպատասխան մնալով, միանգամից անհետանում է։ Այսինքն, երբ պարզվում է, որ նա, ում հանդեպ, որ համակրանք կամ բուռն հետաքրքրություն կար, բոլորովին էլ այն հոգեհարազատ էակը չէ, ապա սերն անմիջապես անհետանում է։ Սիրահարվածությունը գուցե պահպանվի որոշ ժամանակ։ Բայց սերն, անպատասխան մնալով, անհետանում է միանգամից։ Ինչու՞։ Որովհետև, սերը հակառակ սեռի մարդկանց միջև շատ խորքային, հիմնականում արժեհամակարգային, բայց նաև գենետիկ բաղադրիչների համապատասխանության վրա հիմնված գիտակցված ընտրություն է։ Այդ բաղադրիչների ցանկացած անհամապատասխանություն հակասություն ու հակամարտություն է ծնում։ Որն էլ բերում է սիրո բացակայության։

Նկատենք նաև, որ շարունակական հիասթափությունները, կարող են սպանել մարդու մոտ հոգեհարազատ էակ գտնելու վերջին հույսը, գուցե նաև ընդհանրապես հավատը մարդկության հանդեպ։ Սա է պատճառը, որ հիասթափությունից վախենալով, չենք ուզում լավ ճանաչել նրան, ում հանդեպ որ համակրանք ունենք։ Շատ անգամ չենք ուզում խոստովանել մեր սերը՝ այն մտավախոությամբ, որ եթե մերժվենք, ապա կանհետանա այն, կդառնա ևս մի հիասթափություն ու այդպիսով մեզ ավելի կմոտեցնի մեր հոգևոր վախճանին։

©Դավիթ Միրզոյան, Մարտ, 2013
www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment